Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դատարկախոսության հեղեղի գեներացումը հասարակության կառավարման ամենաէֆեկտիվ միջոցներից է

Դատարկախոսության հեղեղի գեներացումը հասարակության կառավարման ամենաէֆեկտիվ միջոցներից է
15.02.2025 | 06:52

Աշխարհում ամեն բան կառավարվում է ուժով ու խելքով, և երբ ուժ չես ունենում, բնական օրենքով մարդկանց ջանքերի ու ճիգերի ծանրության կենտրոնը աստիճանաբար մղվում է դեպի խելքին զոռ տալը:

Եթե դրա վրա էլ ավելանում է մեզ համար չարաբաստիկ խոսքի ազատությունը, ապա սեփական չունեցած կարծիքը ուրիշների վզին փաթաթելու մարմաջը հասնում է իր պիկին:

Բանն այն է, որ խոսքի ազատություն ասվածը հասարակության համար այնպիսի նորամուծություն է, և եթե մարդիկ բնական ձևով ու քայլ առ քայլ չեն նվաճում այն, այլ մի երջանիկ օր անազատ մարդկային մասսային ասում են, թե դուք այսուհետ ազատ եք և կարող եք ասել, ինչ ուզում եք, ապա այս հանգամանքը հասարակական կյանքն աստիճանաբար դարձնում է անորոշություններով լի, պառակտված ու անկառավարելի:

Մարդիկ սկզբում շփոթվում են, յանի՝ ես ինչ գիտեմ, թե ինչ ասեմ, բայց տեսնելով, որ նախկինում իրենց իմացած ու իրենց նման ոչինչ չիմացողները առանց բերանները փակելու լավ էլ պղտոր ջրում մեծ-մեծ ձկներ են բռնում, կամաց-կամաց իրենք էլ են սկսում խոսել:

Իհարկե, դա սկզբում այնքան էլ լավ չի ստացվում օգտագործվող բառապաշարի սահմանափակության պատճառով, բայց դա էլ լուծվող հարց է, որը պահանջում է առավելագույնը մի երեսուն մոդայիկ բառ սերտել, ասենք, բանավեճ, օրակարգ, տեսակետ, կոմպրոմիս, փոխըմբռնում և այլն, որ ամենայն թափով մտնես դատարկախոսության խամ ու խոպան ոլորտը:

Աստված տվել չի խնայել, ժամանակակից ինֆորմացիոն տեխնիկական միջոցները դատարկախոսության համաճարակի տարածման համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել են:

Ընդանուր առմամբ, նման դատարկախոսության հեղեղի գեներացումը հասարակության կառավարման ամենաէֆեկտիվ միջոցներից մեկն է, քանի որ ամեն մեկի կողմից մի փոքրիկ գրառումն անգամ մարդկանց համար հանգստացնող ու փուքսը թողնող հանգամանք է:

Իսկ ամբողջ հասարակության առումով դա բերում է նրան, որ մարդիկ, իրենց ժամանակն ու էներգիան մանր-մունր ու հեշտ հասանելի բաների վրա ծախսելով, այլևս իրենցից լուրջ հասարակական ուժ ներկայացնել չեն կարող՝ այն, ինչ պետք էր ապացուցել:

Եվ այսպես էլ ապրում ենք մեր Հայաստանում:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2841

Մեկնաբանություններ